Հայաստանը պատրաստ է նպաստելու ԵՄ-ԵՏՄ երկխոսության կայացմանը. Բաբլոյան
Հայաստանը պատրաստ է նպաստելու ԵՄ-ԵՏՄ երկխոսության կայացմանը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Դեսպանը խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելությունը մեր երկրում ավարտելու կապակցությամբ:
Խորհրդարանի ղեկավարը, գնահատելով դեսպանի ներդրումը հայ-ռումինական հարաբերությունների ընդլայնման և խորացման գործում, նշել է, որ երկու ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի:
ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ քսաներորդ դարի սկզբին Հայոց ցեղասպանությունից փրկված և Ռումինիայում ապաստանած հայերի սերունդներն այսօր այդ երկրի արաժանապատիվ քաղաքացիներ են:
Անդրադառնալով նոյեմբերին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը, բացելով դռները դեպի Եվրոպա և ԵՏՄ, պատրաստ է նպաստելու ԵՄ-ԵՏՄ երկխոսության կայացմանը:
Արա Բաբլոյանն անդրադարձել է միջազգային այլ հարթակներում ևս բարեկամ երկրների համագործակցության և միմյանց սատարելու կարևորությանը:
Սորին Վասիլեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, անդրադարձել է Հայաստանում իր պաշտոնավարման տարիներին երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումներին: Դեսպանը կարևորել է երկու ժողովուրդների արժեհամակարգի և պատմական ճակատագրի ընդհանրությունները:
Սորին Վասիլեն ուրախությամբ փաստել է, որ իր առաքելության իրականացման ժամանակահատվածում ականատես է եղել մեր երկրում ժողովրդավարության զարգացմանը:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագրին՝ դեսպանն արձանագրել է, որ լինելով ԵՏՄ անդամ՝ Հայաստանը մեծ ներուժ և հնարավորություն ունի կամուրջ դառնալու ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև:
Դեսպան Վասիլեն երախտագիտություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովին Ռումինիայի դեսպանության հետ համագործակցելու և բարեկամական երկկողմ հարաբերությունների աշխուժացմանը նպաստելու համար:
Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը դեսպանին մաղթել է հաջողություն և նոր ձեռքբերումներ հետագա գործունեության ընթացքում: