Գորիսը՝ 2018-ի մշակութային մայրաքաղաքը. մշակույթի փոխնախարար
Գորիսը հռչակվել է տարածաշրջանի 2018 թվականի մշակութային մայրաքաղաքը: Այս մասին դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը՝ ներկայացնելով «Գորիս-2018. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» նախագիծը:
Նրա խոսքով՝ սա մեծ իրադարձություն է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ ԱՊՀ տարածաշրջանի համար: Կուզեի նշել, որ այս նույն ծրագրով 2013-ին առաջին անգամ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք էր դարձել Գյումրին»,- նշեց Պողոսյանը՝ հավելելով, որ նախատեսված է տարբեր կարգի միջոցառումներ անցկացնել, որոնց իրականացման նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են:
Պողոսյանի պարզաբանմամբ՝ Գորիսն է ընտրվել Հայաստանի Մշակույթի նախարարության՝ երկրի հարավը զարգացնելու և այնտեղ զբոսաշրջիկների հոսքը մեծացնելու ցանկությամբ: Նա շեշտեց, որ այս նախագիծը ԱՊՀ երկրների նախագահների հավանությունն է ստանում համատեղ նիստի ժամանակ: Այս անգամ նիստն անցկացվել է Սոչիում:
Փոխնախարարի խոսքով՝ միջոցառումների անցկացման համար դրամական միջոցները կտրամադրվեն Հայաստանի պետական բյուջեից, ինչպես նաև ԱՊՀ Հումանիտար հիմնադրամից: Գորիս կհրավիրվեն ԱՊՀ երկրների պատվիրակություններ, որոնք նաև անմիջական մասնակցություն կունենան միջոցառումների ծրագրմանը: Նախատեսված է «Գորիս-2018. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» նախագիծը մեկնարկել հունիսի վերջին: