Վարչապետի մոտ տեղի է ունեցել Վանաձորի զարգացման վերաբերյալ խորհրդակցություն
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել Վանաձորի զարգացմանն ուղղված հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել են նաև քաղաքի ու մարզի ղեկավարությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Քննարկվել են Գյումրիի պատմական կենտրոնի վերականգնման նպատակով ստեղծված «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի օրինակով Վանաձորի հետ կապված նմանատիպ ֆոնդի հիմնման հնարավորություններն ու հեռանկարները: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ստեղծված աշխատանքային խմբին առաջիկայում ներկայացնել համապատասխան առաջարկություն:
Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարել նաև Հայաստանի զարգացման հիմնադրամում կոնկրետ պատասխանատուի նշանակումը, որը կհամակարգի Վանաձորի զարգացման հայեցակարգի և «մաստեր պլան»-ի, քաղաքի ընդհանուր տեսքի բարելավման, կանաչապատման, ենթակառուցվածքների բարելավման, ինչպես նաև բրենդավորման, ներդրողների համար պոտենցիալ հետաքրքրություն ներկայացնող շուրջ մեկ տասնյակ ծրագրերի մշակման աշխատանքները: