Պաշտոնից հեռացած Հայկազ Բաղմանյանը 1999-ին բանակ է վերադարձել Սերժ Սարգսյանի շնորհիվ
Օրեր առաջ անհասկանալի պայմաններում ԳՇ պետի տեղեկալ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից։ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ Բաղմանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել իր հորդորով, իսկ պատճառը իբրև թե ծառայության մեջ թերացումն է։ Խոստովանենք, որ Բաղմանյանի հեռացման ակտը և Վիգեն Սարգսյանի մեկնաբանությունը չափազանց տարօրինակ են ու անհասկանալի, քանի որ արդեն տարիներ շարունակ գեներալի հետ կապված բազմաթիվ աղմկահարույց միջադեպեր են արձանագրվել, մամուլում նրա ունեցվածքի, բիզնեսների և չարաշահումների մասին անհաշվելի քանակության հոդվածներ են տպվել, բայց նա հեռացվում է միայն հիմա։ Ակնհայտ է, որ ինչ-որ լուրջ կոնֆլիկտ է տեղի ունեցել և ոչ թե Վիգեն Սարգսյանի ու Բաղմանյանի միջև, այլ՝ պարզից էլ պարզ է, որ հեռացման նախաձեռնողը հենց Սերժ Սարգսյանն է, գրում է Hraparak.am-ը:
Այս իրադարձությունների համատեքստում չափազանց հետաքրքրական է աչքի անցկացնել Հայկազ Բաղմանյանի կենսագրության որոշ հատվածներ։ Նշենք, որ Բաղմանյանի հեռացումից անմիջապես հետո Պաշտպանության նախարության պաշտոնական կայքից հեռացվել է նրա կենսագրությունը, բայց Վիքիպեդիայում հստակ ժամանակագրությամբ նշված է, թե երբ ինչ պաշտոն է զբաղեցրել
Բացակայում են միայն 1998-99 թթ․։ Որտե՞ղ է եղել այդ ժամանակ Բաղմանյանը։ Մեր տեղեկությունների համաձայն նա 1999 թ․ Վաղարշակ Հարությունյանի նախարար նշանակվելուց հետո հեռացվել է բանակից։ Պատճառները դեռևս հայտնի չէն։ Բայց կենսագրությունից երևում է, որ նա բանակ նորից վերադարձել է Սերժ Սարգսյանի աջակցությամբ 1999 թ․ հոկտեմբերի 27-ից հետո՝ նշանակվելով 5-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Փաստորեն Սերժ Սարգսյանի օրոք նրա պաշտոնը բարձրացվել է, քանի որ հեռացման պահին նա բրիգադի հրամանատար էր։
Հայկազ Բաղմանյանը Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարար եղած ժամանակ վերջինիս հովանավորությունն ու աջակցությունը վայելող հրամանատարներից էր, այս ջերմ փոխհարաբերությունները չեն փոխվել նաև այն ժամանակ, երբ Սարգսյանը դարձել է նախագահ։ Իսկ ի՞նչ է եղավ հիմա, այդ ի՞նչ սև կատու անցավ երկու վաղեմի զինակիցների միջև