Բարձրաստիճան ոստիկանները մասնակցել են մասնագիտական պարապմունքի
ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել մասնագիտական պարապմունք՝ նվիրված կառավարության նոյեմբերի 23-ի որոշման դրույթների պարզաբանմանը։
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Մասնակցում էին ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանը, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ու տարածքային բաժինների պետերը։
Օրակարգում հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը սահմանելն էր։
Որոշման դրույթների պարզաբանմանն ուղղված քննարկումներից հետո մարզային վարչությունների ու տարածքային բաժինների պետերը հրահանգավորվեցին. տրվեցին կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ։
Ըստ պլան-ժամանակացույցի՝ կառավարության վերոհիշյալ որոշման դրույթների պարզաբանմանն ուղղված մասնագիտական պարապմունքներ տեղի կունենան նաև դեկտեմբերի 8-ին և 9-ին։