Մեղրիում արդեն շուտով կբացվի ազատ տնտեսական գոտին
Մեղրի համայնքում ազատ տնտեսական գոտին կբացվի դեկտեմբերի 15-ին։ Համապատասխան որոշման նախագիծը հավանություն է ստացել դեկտեմբերի 7-ին Կառավարության հերթական նիստում։
Նախագիծը ներկայացրել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
«Մեղրիում Ազատ տնտեսական գոտու ստեղծումն ուղղված է ուղղակի արտասահմանյան ներդրումներին, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանն ու արտահանման խթանման ու մեծացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և կայուն տնտեսական զարգացման ապահովմանը»,– ասել է նա։
Կառավարությունը հաստատել է ԱՏԳ ֆունկցիոնալ տեսակը։ Այն կունենա լոգիստիկ և արդյունաբերական–արտադրական նշանակություն այնպիսի ոլորտների համար, ինչպես գյուղատնտեսությունը, վերամշակող արդյունաբերությունը, էլեկտրաէներգիան, առևտուրը, բեռնափոխադրումը։
ԱՏԳ գործունեության ժամկետը 50 տարի է։ Կառավարիչը կլինի «Մեղրիի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ–ն։
Կառավարությունը նաև Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ԱՏԳ ստեղծման մասին որոշման ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա ընթացքում «Մեղրի Ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ–ի հետ համապատասխան պայմանագիր կնքել։
Հիշեցնենք, որ Մեղրիում ԱՏԳ շինարարությունն արժեցել է 32 մլն դոլար։
Բոլոր ընկերությունների ընդհանուր ներդրումները 10 տարում պլանավորվում է հասցնել 350-400 մլն դոլարի։ ԱՏԳ գործառնությունն արդեն ամրագրված է ԵՏՄ Մաքսային օրենսգրքում։