Մեղադրողի հարցադրումները մանիպուլյացիոն բնույթ են կրում. Իշխան Բարսեղյանը հրաժարվեց ցուցմունք տալուց
Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Շենգավիթի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանն այսօր` դեկտեմբերի 7-ին, հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց: Նա հրաժարվեց նաև մեղադրող կողմի հարցերին պատասխանելուց: Մեղադրողի հնչեցրած հարցերին Իշխան Բարսեղյանը միայն պատասխանում էր. «Հրաժարվում եմ, այսուհետև բոլոր հնչեցրած հարցերի դեպքում լռելու եմ»:
Իշխան Բարսեղյանը հրաժարվեց նաև պատասխանել դատարանի հնչեցրած հարցերին: Իշխան Բարսեղյանի պաշտպանները նշեցին, որ մեղադրողի հնչեցրած հարցերով խախտվում է իրենց պաշտպանյալի անմեղության կանխավարկածը. «Մենք պահանջում ենք, որպեսզի մեր պաշտպանյալի անմեղության կանխավարկածը չխախտվի, այստեղ հնչեցված հարցերում մեղադրողն ասում է` ասել եք, վերցրել եք, գնացել եք, ինչու եք վերցնում: Խնդրում ենք դատարանին մեղադրողին հորդորել, որպեսզի այնպես ձևակերպի հարցերը, որպեսզի մեր պաշտպանյալի անմեղության կանխավարկածը չխախտվի: Մեղադրողի հարցադրումները մանիպուլյացիոն բնույթ են կրում….»:
Մեղադրողն ու դատարանը նշեցին, որ հնչեցված հարցերը Իշխան Բարսեղյանին առաջադրված մեղադրանքի սահմաններում են: Իշխան Բարսեղյանի հարցաքննությունն այսքանով ավարտվեց:
Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը:
Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել և Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: Կաշառք տալու պահը տեսագրվել է և տարածվել: