Ադրբեջանը դեռ պետք է մարսի նոր իրավիճակն ու իր վրա զգա Հայաստան-ԵՄ համաձայնագրի հետևանքները. Շիրակ Թորոսյան
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երեկվա հանդիպումից մեծ ակնկալիքներ չարժի ունենալ. Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանն՝ անդրադառնալով երեկ Վիեննայում տեղի ունեցած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը:
«Ես թերահավատորեն եմ մոտենում սրան, որովհետև Ադրբեջանը դեռ պետք է մարսի նոր իրավիճակն ու իր վրա զգա Հայաստան-ԵՄ համաձայնագրի հետևանքները: Կարծում եմ, որ որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի միջազգային հանրության ճնշման և հայկական կողմի կարծր դիրքորոշման ներքո Ադրբեջանն աստիճանաբար տեղափոխվի առավել կառուցողական դաշտ», - ընդգծեց նա:
Ըստ Թորոսյանի` առայժմ անհնար է հակամարտության կարգավորման շոշափելի արդյունքներ ակնկալել, բայց միևնույն ժամանակ ընդգծեց, որ ընդգծելով, որ Արցախյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, ինչպես նաև միջազգային երեք իրավական սկզբունքների զուգորդմամբ:
«Սա է հանդիսացել Արցախյան հակամարտության հարցում հայկական դիվանագիտության գաղափարական մեխը, և սա է հենց այն, ինչ ընկալվում է միջազգային հանրության կողմից, և այն է, ինչն Ադրբեջանը մշտապես փորձում է խեղաթյուրել», - հավելեց նա: