Խոշոր ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. Opel-ը «փաթաթվել է» էլեկտրասյանը. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Opel Astra մակնիշի 35 MF 536 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում՝ դեպի Աշտարակ ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը և սահմանազատել տարածքը:
Այս պահին քննարկվում է, թե վթարի փաստով ով պետք է զբաղվի՝ ՃՈ հետաքննիչը, թե Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչը:
Հիվանդանոցից հայտնել են, որ վարորդը գտնվում է ծանր կայուն վիճակում: