«Արտադրում են մի բան, ինչի պահանջարկը չկա». գյուղնախարարը ոչնչով չի կարող օգնել մեղր արտադրողներին
Հայկական մեղրի որակի և օգտակարության մասին հաճախ կարելի է լսել՝ անգամ պետական մակարդակով: Սակայն, երբ գործը հասնում է նույն այդ մեղրի մթերմանը՝ պետությունը միջնորդ չի հանդիսանում արտադրողների և մթերողների միջև՝ պատճառաբանելով, որ մենք չունենք օրգանական մեղրի արտադրություն, իսկ այն ինչ արտադրում ենք մրցունակ չէ միջազգային շուկայում:
Գյուղնախարար Իգնատի Առաքելյանը Operativ.am-ի այն հարցին, թե ի՞նչ անի գյուղացին, եթե ունի մեղր, բայց չի կարողանում իրացնել, նշեց, որ մարդիկ արտադրում են մի բան, ինչի պահանջարկը չկա: Նրա խոսքերով՝ նախատեսվում է հիմնել մթերման կենտրոններ, իսկ մինչ այդ կենտրոնների ստեղծումը, ինքը չի կարող ասել, թե ինչ անի գյուղացին: Սակայն նախարարը հստակ ժամկետներ չնշեց, թե երբ կհիմնվեն այդ կենտրոնները և կսկսեն մթերման գործընթացը:
Նախկինում արտահանման փորձ է արվել ԱՄՆ շուկա, բայց ինչ-ինչ պատճառներով՝ գործարքը շարունակություն չի ունեցել, պայմանավորվածությունները խախտվել են, և ամերիկացիները հրաժարվել են հայկական մեղրից: Մինչ օրս հիմնական շուկան Ռուսաստանն է, շատ քիչ քանակությամբ մեղր առաքվել է նաև Սիրիա ու Իրան:
Նախարարի խոսքերով, մեր երկիրը Չինաստանի շուկայում ունի արդեն թույլտվություն մեղր արտահանելու: Բացի այդ Առաքելյանի խոսքերով իրենք միջազգային կազմակերպությունների հետ քննարկում են մթերման կենտրոնների հիմնելու ծրագրեր:
Հարց է առաջանում, ինչու այսքան ժամանակ պետությունը մատը մատին չէր տալիս նմանատիպ ծրագրեր իրականացնելու և մթերման կենտրոններ հիմնելու համար՝ հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ մեղվաբուծությունը մեր երկրում ամենևին էլ նոր ճյուղ չէ:
Մենք փորձեցինք պարզել նաև, թե կան արդյո՞ք անհատներ կամ կազմակերպություններ, որոնք զբաղված են մեղրի մթերմամբ: Պարզվում է՝ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերություններից մեկը՝ «Մուլտի Ագրո»-ն, խոշորն է շուկայում և զբաղվում է մեղրի մթերմամբ ու արտահանմամբ: Հատկանշական է, որ այդ ընկերության կողմից մթերման առավելագույն գինը նախորդ տարի եղել է 1800 դրամ, այն դեպքում, երբ հայկական շուկայում բնական մեղրի միջին գինը 4000-4500 դրամն է: Իսկ ինչպես պնդում են մեղր արտադրողները՝ մեղրի նման ցածր սակագինը անգամ չի ծածկում մինչ մեղր ստանալը իրենց ծախսած միջոցները: Այս դեպքում էլ պետությունը չաջակցելով գյուղացուն՝ աջակցում է շուկայում մենաշնորհային դիրք զբաղեցնողներին: