Ես նրա հետ ծառայել եմ, բայց կարծիք չունեմ. Դավիթ Տոնոյանը՝ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկության մասին
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, որը նախկինում պաշտպանության փոխնախարար է եղել, դժվարանում է մեկնաբանել այդ համակարգում երկար տարիներ աշխատած ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի արդեն նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի աշխատանքից ազատման մասին տեղեկությունը։
«Ես նրա հետ ծառայել եմ, բայց ճիշտն ասած, կարծիք չունեմ, որովհետև դա նախագահի որոշումն է», - այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Տոնոյանը։
Դիտարկմանը, թե Պնախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ Բաղմանյանը աշխատանքից ազատվել է աշխատանքում թերացման պատճառով, ԱԻ նախարարն ասաց. «Եթե Վիգեն Սարգսյանը այդպիսի հայտարարություն է անում, ուրեմն այդպես էլ եղել է»։
Հարցին, թե իր պաշտոնավարման ժամանակ, երբ ծառայել է Հայկազ Բաղմանյանի հետ միասին, թերացմուներ նկատե՞լ է, Տոնոյանը պատասխանեց. «Այդ փուլում՝ ոչ: Ես ավելին, քան պաշտպանության նախարարն է ասել, ասել չեմ կարող»: