Նա շատ սկզբունքներ ունի. Չեմ կարող ասել՝ հայրս կվերադառնա քաղաքականություն, թե ոչ. Արգամ Աբրահամյան
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը ապատեղեկատվություն է որակում մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որոնց համաձայն ինքը դադարեցրել է Արտաշատի քաղաքապետ եղած ժամանակ կյանքի կոչած բարեգործական ծրագրերը: Խոսքը, մասնավորապես, Արտաշատ-Երևան բարեգործական երթուղու աշխատանքների դադարեցման մասին է:
«Հիմա կարո՞ղ եք տեսնել՝ տրանսպորտն աշխատում է, թե ոչ: Սուտ է, երբ ասում են, որ չի աշխատում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց նա՝ միաժամանակ դժվարանալով պատասխանել այն հարցին, թե ո՞վ կարող էր նման սուտ լուրեր տարածելու շահագրգռություն ունենալ:
«Ինչ նախագծեր արել ենք, ինչ բարեգործական ծրագրեր արել ենք, հիմա էլ շարունակում ենք անել»,- հավաստիացրեց Արգամ Աբրահամյանը:
Լրագրողները քաղաքական գործչից հետաքրքրվեցին՝ ի՞նչ հարաբերությունների մեջ է Արտաշատի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Կարեն Բենիամինյանի հետ: Աբրրահամյանը հավաստիացրեց՝ նրան շատ վաղուց է ճանաչում, նորմալ հարաբերություններ ունի:
Իսկ ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այդպես էլ Արտաշատի քաղաքապետի սեփական թեկնածու չառաջադրեց հարցին Արգամ Աբրահամյանը պատասխանեց՝ Կարեն Բենիամինյանն իրենց համար ընդունելի թեկնածու էր:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի փեսան նաև հերքեց մամուլի այն հրապարակումները, թե վերջինիս հետ լարված հարաբերությունների մեջ է:
«Լուրերը, բնականաբար, իրականությանը չեն համապատասխանում»,- հավաստիացրեց պատգամավորը:
Իսկ թե մտադի՞ր է իր հայրը՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, վերադառնալ քաղաքականություն, Արգամ Աբրահամյանը նշեց՝ այդ հարցին չի կարող պատասխանել:
՚
«Նա շատ զբաղմունքներ ունի»,- ասաց նա: