1915-ին Ալեքսանդրապոլում ավելի շատ աշխատատեղեր կային, քան 21-րդ դարում. Վարդան Ղուկասյան
Գյումրիի նախկին քաղաքապետ, պատգամավոր Վարդան Ղուկասյանն անբավարար է գնահատում 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո աղետի գոտու վերականգնման ծրագրերը: Իրավիճակի շտկման միակ ճանապարհ քաղաքական գործիչը համարում է աշխատատեղերի ստեղծումը:
«1926-ին, երբ Ալեքսանդրապոլում մեծ երկրաշարժ էր տեղի ունեցել, Խորհրդային միությունն առաջինն աշխատատեղեր ստեղծեց, որ գյումրեցիները հնարավորություն ունենային իրենց ձեռքով իրենց տունն ու քաղաքը կառուցել: Եվ դա ստացվեց»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց գյումրեցի պատգամավորը:
Վարդան Ղուկասյանի խոսքով, շատ հավանական է, որ հայաստանյան մի շարք գյուղերում ավելի շատ աշխատատեղեր կան, քան ՀՀ երկրորդ քաղաք համարվող Գյումրիում:
«1915-ին՝ Եղեռնի ժամանակահատվածում Ալեքսանդրապոլում ավելի շատ աշխատատեղեր կային, քան 21-րդ դարում: Ինչքան էլ Գյումրիում բնակարան կառուցվի, մարդը մի շաբաթ հետո սովամահ է լիելու և արագ վաճառելով նույն այդ բնակարանը՝ հեռանալու է: Ես կողմնակից եմ, որ Երևանում ոչ թե 150 միլիոնանոց թաղամաս կառուցեն, այլ եղածը պահպանեն: Հայաստանում այնքան հուշարձան չկա, որքան Գյումրիում, և պետք է վերականգնել դրանք: Երևանի բյուջեն 85 միլիարդ է, այն դեպքում, երբ Գյումրիի բյուջեն ընդամենը 3 միլիարդ է»,- հիշեցրեց Վարդան Ղուկասյանը: