Տոնածառի չափն ու ձևը չեն փոխվի. նոր տոնածառը չափազանց թանկ է. փոխքաղաքապետ
Այս տարվա տոնական միջոցառումների համար նախատեսված է 54 միլիոն դրամ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
Նրա խոսքով, դա նախորդ բոլոր տարիներին հաստատված թիվն է, բացառությամբ` նախորդ տարվա, երբ որոշակի միջոցներ տրամադրվեցին սոցիալական ծրագրերին`պայմանավորված ապրիլյան պատերազմով:
Անդրադառնալով նրան, որ ամեն տարի նույն տոնածառն է դրվում Երևանի Հանրապետության հրապարակում, Սուքիասյանը նշեց. «Տոնածառի չափսի և ձևի հետ կապված որևէ փոփոխություն չի կարող լինել, որովհետև դա ենթադրում է նոր տոնածառ, դրա արժեքը չափազանց թանկ է: Անկեղծ ասած, փորձ արեցինք մասնավորների հետ աշխատանք տանելու, այդ ծախսը հայտնի չէ` որքանով արդարացված կլիներ, եթե համայնքային բյուջեից մենք անեինք։ Բայց ամեն տարի փորձում ենք տարբեր տեսակի ձևավորմամբ, լուսային մոտեցումներով խաղալիքների տարատեսակ դրսևորումներով մի քիչ այլընտրանք բերել մեր մայր տոնածառին»: