Պտուղը մահացել է, ծննդկանին էլ ծանր վնաս հասցվել. «Մարգարյան»-ի մանկաբարձական բաժնի ղեկավարը հայտնվել է դատարանում
Երևանի «Մարգարյան» հիվանդանոցի մանկաբարձական բաժնի ղեկավար Արմեն Խաչատրյանը հայտնվել է դատարանում՝ ծննդկանի առողջությանը ծանր վնաս հասցնելու մեղադրանքով:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ըստ մեղադրանքի՝ Արմեն Խաչատրյանը 2017թ. հունվարի 14-ին, ժամը 13:15-ին, Նարինե Գեդեոնյանին պտղի հիպօքսիա հայտնաբերելու և ծննդալուծումը կեսարյան հատման միջոցով կատարելու ցուցումի պայմաններում, տվյալ վիրահատությունը նախապատրաստող բժիշկ մանկաբարձ գինեկոլոգ` Սոնա Աբելյանին հանձնարարել է մասնակցել մեկ այլ վիրահատության կատարմանը, ինչպես նաև հիշյալ բուժհիմնարկի մանկաբարձական բաժնում այդ պահին գտնվող հերթապահ այլ մանկաբարձ- գինեկոլոգին չի հանձնարարել Ն.Գեդեոնյանի ծննդալուծումը կատարել կեսարյան հատման միջոցով, այսինքն վերջինիս բուժման գործունեությունը չի կազմակերպել: Այս ամբողջի հետևանքով Նարինե Գեդեոնյանի իգական սեռի հասուն պտուղը մահացել է, տեղի է ունեցել հղիության ընդհատում՝ Ն.Գեդեոնյանի առողջությանը անզգուշությամբ պատճառելով ծանր վնաս:
Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:
Նշենք, որ Արմեն Խաչատրյանն այն բժիշկն է, որին ծննդկան Գոհար Ս.-ն մեղադրում է իր նորածին ծանր վնաս հասցնելու մեջ: