Ժողովուրդները կարողանում են պաշտպանել իրենց հայրենիքը, եթե նրանց մեջ ձեր տեսակը գերակշռում է. Սերժ Սարգսյան
Ինչպես արդեն հայտնել ենք, Սերժ Սարգսյանն Արցախում դիտել է ՊԲ զորավարժությունները:
«Ամուր պաշտպանության համար անհրաժեշտ է ջանք, եռանդ, քրտնաջան աշխատանք, որոնք ի վերջո բերում և յուրաքանչյուրիս հասցնում են բարձր պրոֆեսիոնալիզմի:
Ժամանակակից զինված ուժեր` չի նշանակում միայն արդիական սպառազինություն, այլ նաև նշանակում է ունակություն, որը թույլ է տալիս այդ սպառազինությունը կիրառել ժամանակին և ամբողջ հզորությամբ: Շնորհակալ եմ ձեզ:
Այսօրվա զորավարժություններն ապացուցեցին ձեր ունակությունը: Հավատացեք, որ դուք դրանով պատասխանում եք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մեր հայրենիքը մեզնից խլել, ովքեր փորձում են իրենց հզոր ցույց տալ և պոկել մեզնից մի բան: Ժողովուրդները կարողանում են իրենց հայրենիքը պաշտպանել, եթե նրանց մեջ ձեր տեսակը գերակշռում է:
Մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր սահմանը, մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր հայրենիքը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ծնողներին, ձեր ուսուցիչներին, բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են ունեցել ձեր կայացման գործում»,-ասել է Նախագահ Սարգսյանը՝ մաղթելով զինծառայողներին բարի ծառայություն և հպարտ կեցվածք: