ԿԳ նախարարը Չինաստանի դեպանի հետ քննարկել է հայաստանում չինական դպրոցի բացման և չինարենի դասավանդման մասին
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ:
Հանդիպման հիմնական առանցքում եղել են Երևանում չինական դպրոցի և Կոնֆուցիուսի կենտրոնի գործունեության և հետագա ընդլայնմանը նվիրված հարցեր:
Նախարար Լևոն Մկրտչյանը, շնորհակալություն հայտնելով Չինաստանի կառավարությանը՝ Երևանում չինական դպրոցի կառուցմանը ցուցաբերվող գործնական աջակցության համար, նշել է, որ դպրոցը կդառնա հայ-չինական բարեկամության դպրոց: Նրա խոսքով, ժամանակն է, որպեսզի հստակեցվեն դպրոցում դասավանդվող ուսումնական ծրագրերի, չինարենի խորացված ուսուցման և չինական մշակույթի ներկայությանը վերաբերող հարցերը:
Շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` դեսպան Թիան Էրլունը կարևորել է դպրոցի շինարարությունը որակյալ և ժամանակին ավարտելու հարցը: Նա հույս է հայտնել, որ նախատեսված ժամկետում չինական դպրոցն իր դռները կբացի հայ աշակերտների առջև:
Հանդիպմանը քննարկվել են նաև Կոնֆուցիուսի կենտրոնի գործունեությանը և դպրոցի շինարարությանը վերաբերող ընթացիկ հարցեր: