Արցախի Մարտունի քաղաքի հիվանդանոցի շենքում կկառուցվի «Հատուկ խնամքի» կենտրոն
Նոյեմբերի 30-ին կայացած 6-րդ գումարման ԱՀ Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանի՝ օրենսդիր-գործադիր հարց ու պատասխանի ժամանակ ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը ասել է, որ Մարտունի քաղաքի նախկին հիվանդանոցի շենքում գործելու է «Հատուկ խնամքի» կենտրոն:
ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Գրիգորյանը հարց է ուղղել, թե արդյո՞ք 2018 թվականի պետական բյուջեով չի նախատեսվում ծրագիր, որը կօգնի միայնակ հաշմանդամների խնամքը կազմակերպելուն,որին Ս. Ավանեսյանը պատասխանել է, որ մշակվում է նոր նախագիծ, որի համաձայն Մարտունի քաղաքի նախկին հիվանդանոցի շենքում կգործի խնամքի կենտրոն, որն իր վրա կվերցնի վերոնշյալ կարգավիճակում գտնվող քաղաքացիների հոգածությունը:
«2018 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել են համապատասխան գումարներ այդ ծրագիրը կյանքի կոչելու համար: Եվ Մարտունիում գործող նախկին հիվանդանոցի շենքն իր չափերով լիովին համապատասխանում է կենտրոնը ստեղծելու համար պահանջվող պայմաններին: Հիմնարկը հնարավորություն կունենա սպասարկել մոտ 100 քաղաքացիների»,- ասել է Ս. Ավանեսյանը: