Մաքսազերծման դեպքում մանդարինի գինը կլինի 900 դրամ, ո՞վ կառնի. առևտրականները բողոքում են
Ալավերդու առևտրականները բողոքում են, որ այլևս իրենց չեն թողնում 5 կգ-ից ավելի Վրաստանից մանդարին և այլ ցիտրուսային մրգեր ներմուծել:
«Եթե մաքսազերծում անենք, մանդարինի գինը կլինի 900 դրամ, ո՞վ կառնի էդ գնով: Հիմա մանդարինը 250 դրամ է: Երկու կգ կոռոլյոկի համար 50 հոգի գնում են, որ գրպանները լցնեն անցկացնեն: Դա տամոժնի չի, խայտառակ վիճակ է: Ինչի՞ Ռուսաստանում, Վրաստանում տենց չեն անում: Եթե մանդարինն արժի 100 դրամ, ո՞նց կարող է իր գնից երկու անգամ ավելի մուծվի, չի լինի»,- «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում նշել է ալավերդի առևտրականներից մեկը:
«Հինգ կիլոգամի համար էլ մենք չենք գնում Վրաստան: Երևի այս տարի Նոր տարին առանց մանդարինի անենք: Ռաստամոժկեն նենց գներ ա, էդ գներով ստեղ չեն ծախում: Եթե չեն թողնում Վրաստանից բերենք, գինը կբարձրանա ու ժողովրդի համար վատ վիճակ կլինի»,-նշել են նրանք:
Նշենք, որ մանդարինի և մյուս ցիտրուսային մրգերի ներմուծման հարցում սահմանափակումը լուրջ խնդիրներ է առաջացրել՝ Վրաստանի հետ առևտուրը դարձնելով պակաս եկամտաբեր:
Խնդիրն այն է, որ նախկինում մարդիկ կարողանում էին ազատ կերպով մինչև 50 կգ մանդարին և այլ մրգեր ներմուծել Հայաստան:
Այս առնչությամբ ՊԵԿ-ի պարզաբանման մեջ նշվում է, որ նախկինի պես միրգ-բանջարեղեն ներմուծելիս մինչև 50 կգ-ը չի մաքսազերծվում, բայց փոխարենը, եթե այն ավելի է 5 կգ-ից, ապա պահանջվում է բուսասանիտարական հավաստագիր, որը մարդիկ չեն կարողանում ներկայացնել, հետևաբար:
«Համաձայն 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի N 157 որոշման, բանջարեղենի և մրգերի միայն մինչև 5կգ-ի Հայաստանի Հանրապետություն (ԵԱՏՄ) տարածք ներմուծումը կարող է թույլատրվել առանց համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված բուսասանիտարական հավաստագրի: Այսինքն, ֆիզիկական անձանց կողմից 5կգ-ից ավել (մինչև 50 կգ) մրգերի, բանջարեղենի ներմուծումը ՀՀ տարածք կարող է թույլատրվել բացառապես բուսասանիտարական հավաստագրի առկայության և դրա` մաքսային մարմիններին ներկայացման դեպքում, լրացնելով միայն ուղևորային հայտարարագիր»,-ասված է ՊԵԿ-ի հաղորդագրությանմեջ: