«Հեռացե՛ք մեր գյուղից». «Միռան»–ի ներկայացուցիչների հետ հանրային քննարկման փոխարեն քաշքշոց եղավ (տեսանյութ)
Մղարթ և Արդվի գյուղերի բնակիչների և «Միռան» ընկերության ներկայացուցիչների միջև հանրային քննարկումը, որը նախատեսված էր այսօր՝ դեկտեմբերի 12-ին, չի կայացել։
Մինչ գյուղացիները փակել էին գյուղ տանող գլխավոր ճանապարհը, նշանակված ժամից կես ժամ ուշացումով «Միռան»–ի ու «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»–ի ներկայացուցիչները այլընտրանքային ճանապարհով գյուղապետարանին են մոտեցել։
Բայց մինչ նրանք կիջնեին մեքենաներից, գյուղացիներն ու բնապահպանները մի քանի վայրկյանում հայտնվեցին գյուղապետարանի դիմաց ու փակեցին նաև գյուղապետարանի մուտքը՝ թույլ չտալով նրանց ներս մտնել։
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»–ի ներկայացուցիչների բացատրական աշխատանքը հանրային քննարկման անհրաժեշտության կարևորության մասին գյուղացիները չընդունեցին։
«Հեռացե՛ք մեր գյուղից, չենք ուզում լսել ձեզ» նմանատիպ բացականչություններով էին գյուղացիները դիմավորում ցանկացած հանրային քննարկման առաջարկ։
Իրավիճակը րոպեների ընթացքում այնքան թեժացավ, որ սկսեց քաշքշոց, հրմշտոց ներկաների միջև։ Սակայն, տեղում աշխատող մեծ թվով ոստիկանների ներկայությունը թույլ չտվեց, որ իրավիճակն ավելի սրվի։
Մեկ ժամից ավել տևած իրարանցումից հետո, տեսնելով, որ չեն կարողանում բնակիչներին համոզել, «Միռան»–ի ու «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»–ի ներկայացուցիչները հեռացան։ Գյուղացիները, սակայն, չեն լքում գյուղապետարանի տարածքը։ Նրանք պատրաստվում են արձանագրություն կազմել հանքի երևակման աշխատանքերին և հետագա հանրային քննարկումներին դեմ լինելու մասին։
Այս առնչությամբ, «Համահայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում խնդրի վերաբերյալ նախաձեռնության անդամները նշել են. «Արդվի գյուղի գլխին հանք են ուզում բացել, բայց լսումներն ուզում են անել Մղարթում: Արդվիցիները հիմա փակել են ճանապարհը: Մղարթում հանքի հետ կապված քննարկումը չկայացավ, քանի որ ժողովուրդը չցանկացավ մասնակցել ու չթողեց մտնեն դահլիճ: Ապրեն գյուղացիները»:
Նշենք, որ «Միռամ» ընկերության մասով, որը Օձունում ներառված Արդվիի տարածքներում գտնվող (Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակումը ընդգրկում է երկու համայնքների՝ Մղարթի 54 հա և Արդվի 146 հա տարածքները) Շեկաղբյուրի ոսկու պաշարների նկատմամբ հավակնություններ ունի, սեպտեմբերին անցկացվել էին լսումներ` ոսկու հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու նախագծի վերաբերյալ: