Եվրոպական ներդրումային բանկը 7 մլն եվրոյի վարկ կտա Երևանին. դրան կգումարվի 6 մլն եվրոյի դրամաշնորհ
Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել է Էներգաարդյունավետության ֆինանսական պայմանագիր:
Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակը:
Պայմանագրի շրջանակում նախատեսվում է քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում, հատկապես մանկապարտեզներում իրականացնել էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ: Ծրագրի արդյունքում կկրճատվեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ֆինանսական ծախսերը, ինչպես նաև կնվազի արտանետվող CO2 գազը:
Երևանի էներգաարդյունավետության ծրագրի իրականացման համար տրամադրվել է 7 մլն եվրո վարկ` ԵՆԲ-ից, 5 մլն եվրո դրամաշնորհ՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից (E5P) և 1 մլն եվրո դրամաշնորհ՝ Կանաչ կլիմայի հիմնադրամից:
Պատասխանելով լրագրողների հարցերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը Եվրոպական ներդրումային բանկը դիտարկում է որպես իր լավագույն գործընկերներից մեկը և պատրաստակամ է այլ ոլորտներում ևս ընդլայնել բանկի հետ համագործակցությունը:
«Ստորագրված այս 7 մլն վարկային և 6 մլն եվրո դրամաշնորհային միջոցներով կհիմնանորոգվեն համայնքային մի շարք շենքեր և կառույցներ, կիրականացվեն էներգախնայողությանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև այդ շենքերի սեյսմիկ ամրացում: Կարևորելով այս ծրագիրը՝ Երևանի քաղաքապետարանը ևս կմասնակցի վերանորագման ֆինանսավորման գործընթացին:
Ծրագրի առաջին փուլով կհիմնանորոգվեն Երևանի քաղաքապետարանի ներքո գործող մանկապարտեզները: Ընդհանրապես, Եվրոպական ներդրումային բանկի հետ մենք երկար տարիների գործընկերային լավ փորձ ունենք և այսօր էլ շարունակում ենք մեր համագործակցությունն այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են Երևանի մետրոպոլիտենը և կոշտ կենցաղային թափոնների կառավարումը: Ի դեպ, այսօր նախատեսվում է նաև ստորագրել կոշտ թափոնների կառավարման ծրագրի մաս կազմող դրամաշնորհային համաձայնագիրը», - նշել է քաղաքապետը: