Դադիվանքում գաղտնարան է հայտնաբերվել վերականգնման աշխատանքների ժամանակ
Դադիվանքի վանական համալիրի փոքր գմբեթով Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմքի ամրացման ժամանակ օգոստոսի վերջերին գաղտնարան է հայտնաբերվել:
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Դադիվանքի վանահայր և Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը՝ ավելացնելով նաև, որ հրավիրվել էին հնագետներ գաղտնարանը ուսումնասիրելու համար։
«Հնագետները, 15 օր ուսումնասիրելուց հետո, եզրակացրել են, որ գաղտնարանը օգտագործվել է մինչև 17-րդ դարը, այսինքն՝ մինչև գմբեթի վերականգնումը»,-նշեց նա՝ շեշտելով սակայն, որ գաղտնարանը դատարկ է եղել հայտնաբերման պահին, այսիիքն՝ մասունքներ, եկեղացական սպասք, ոչինչ չի եղել ներսում։
Տեր Հովհաննեսի փոխանցմամբ, նախատեսվում է գաղտնարանը ապակիով փակել, լուսավորել և այդպիսով ցուցադրել եկեղեցի այցելողներին։
«Եկեղեցու վերակագնման աշխատանքները այս տարի եղանակային պայմանների պատճառով կանգնեցվել են, նախատեսվում են շարունակել գարնանը»,-նշեց Տեր Հովհաննեսը՝ ավելացնելով, որ մինչև 2020 թվականը Դադիվանքը ամբողջությամբ կվերականգնվի։