Կամո Հովհաննիսյանը Տորպեդո-ԲելԱԶ-ի` տարվա լավագույն ֆուտբոլիստ
Հայ ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը երկրպագուների վարկածով ճանաչվել է «Տորպեդո-ԲելԱԶ»-ի` անցնող տարվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին գրում է բելառուսական ակումբի պաշտոնական կայքը:
Յուրաքանչյուր խաղից հետո երկրպագուներին առաջարկվել է նշել իրենց վարկածով «Տորպեդոյի» լավագույն ֆուտբոլիստների եռյակը: Այն ֆուտբոլիստը, որի ազգանունն ամենից հաճախ է նշվել, ստացել է 3 միավոր, երկրորդ ամենից հաճախ հիշատակված ֆուտբոլիստը` 2 միավոր, իսկ երրորդը` 1 միավոր:
Արդյունքում, երկրպագուների վարկածով «Տորպեդո-ԲելԱԶ»-ի` 2017 թվականի առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը, ով ստացել է 52 միավոր: Հիշեցնենք` երեկ «Տորպեդո-ԲելԱԶ»-ի պաշտոնական կայքը հայտնել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի` ակումբից հեռանալու մասին:
Կամո Հովհաննիսյանն անցնող տարում Բելառուսի առաջնության 28 հանդիպման է մասնակցել, դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: 10 խաղերում երկրպագուները նրան ճանաչել են հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, իսկ լավագույն եռյակում հայտնվել է 24 անգամ` գրեթե յուրաքանչյուր խաղում.
«Ցավոք, մրցաշրջանի ավարտից հետո Կամոն հեռացավ ակումբից, բայց մեր երկրպագուները, հավանաբար, դեռ երկար կհիշեն այս վառ, նպատակասլաց, արագ և տեխնիկապես զարգացած ֆուտբոլիստին»,- գրում է բելառուսական ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` Կամո Հովհաննիսյանը 2017 թվականի հունվարին էր համալրել «Տորպեդո-ԲելԱԶ»-ի շարքերը: