Պարոն Մինասյան, երեք տարվա ռեֆորմը նշանակում է՝ ռեֆորմ չի լինի. վարչապետը՝ ԲՆ նախարարին
Անտառային ոլորտին վերաբերող ռեֆորմները նախատեսված է ավարտել երեք տարվա ընթացքում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, Կառավարության նիստի ժամանակ նշել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին, ռազմավարությանը եւ միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ: Այդ նախագծով հիմնական փոփոխությունն այն է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը վերակազմավորվում է որպես կոմիտե եւ տեղափոխվում Բնապահպանության նախարարության ենթակայության տակ:
Վարչապետը դիմելով Արծվիկ Մինասյանին, նշեց. «Ամբողջն ասում եք, բիզնեսով զբաղվողներին հստակ կանոնները դնում եք, կանոնները դնում եք տրամաբանական չափերի մեջ, կանոնների խախտումների նկատմամբ մաքսիմալ կոշտ վերաբերմունք»:
Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ ամբողջական ռեֆորմները նախատեսված է ավարտել երեք տարվա ընթացքում եւ մինչ այս տարվա ավարտը ցանկանում են կառուցվածքային փոփոխությունները իրականացնել: «Պարոն Մինասյան, երեք տարվա ռեֆորմը նշանակում է՝ ռեֆորմ չի լինի, այդպիսի ռեֆորմ չկա, որ երեք տարի է տեւում»,- ասաց վարչապետը, ինչին Արծվիկ Մինասյանն արձագանքեց, որ նկատի ունեն տեսլականը, որը իրականություն է դառնալու ըստ հայեցակարգի: