Սպասում ենք ապրանքներն ավելի շա՞տ թանկանան, քանի գնա ԵՏՄ-ից դուրս գալն ավելի դժվար է լինելու. Մարուքյան
ՀՀԿ-ն, մերժելով ԵՏՄ-ից դուրս գալու նախագիծը՝ մերժում է թանկացումների կանխումը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում «Հայաստանի մասով ԵՏՄ պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» հայտարարության նախագծի քննարկման ժամանակ նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր, հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը:
«3-4 տարի ԵՏՄ անդամ ենք և արձանագրում ենք, որ կան խնդիրներ. քանի դեռ ԵՏՄ վնասները շատ չեն հարվածել Հայաստանի տնտեսությանը, մենք պետք է այդ ժամանակ դուրս գանք այդ կառույցից»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
«Ի՞նչ է, մենք սպասում ենք, որ Հայաստան ներմուծվող մեքենաները այնքան թանկանան, որ մարդիկ չկարողանան մեքենա գնել, նո՞ր մտածենք դուրս գալու մասին: Կամ սպասում ենք առաջնային սպառման ապրանքներն այնքան թանկանան, որ աղքատության վիճակն ավելի սրվի, նո՞ր քննարկենք: Քանի գնա Հայաստանը իր պարտավորություններով ծանրաբեռնվելու է և այն ժամանակ դուրս գալն ավելի դժվար է լինելու»,-համոզմունք հայտնեց «Ելք»-ի պատգամավորը:
Նրա խոսքով, մերժելով այս նախագիծը հանձնաժողովը մերժելու է թանկացումները կանխելու նախագիծը: