Որտեղի՞ց է Վանաձորի քաղաքապետարանը աշխատավարձի 104 մլն դրամի պարտք կուտակել. պարզաբանում է Մամիկոն Ասլանյանը
Վանաձորի քաղաքապետարանը համայնքի ենթակայությամբ գործող հիմնարկ ձեռնարկությունների աշխատողների աշխատավարձի մասով 104 մլն դրամի պարտք ունի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, Լոռու մարզխորհրդի նիստի ժամանակ հայտնել է Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիլա-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ 104 մլն դրամը համայնքային ենթակայության աշխատողների մեկ ամսվա աշխատավարձի պարտքն է:
Քաղաքապետը պարտքի առաջանալը հիմնավորեց համայնքի 2017թ.-ի բյուջեի հաստատման ուշացումով ու բյուջեի տողերի փոփոխություններով:
«Մենք որ անցած տարվա բյուջեով ենք վեց ամիս աշխատել՝ 2016թ.-ի բյուջեով, մինչև մեր բյուջեի հաստատելը, ծախսերը նույն պարբերականությամբ կատարվել է, որովհետև ֆինանսների նախարարությունը թույլ չի տալիս ծախսերը բարձրացնել, իջեցնել կամ փոխել: Իսկ այնտեղ ավել բաներ կա, որ մեր բյուջեի համամասնության հետ չի գալիս»,- նշեց նա:
Մամիկոն Ասլանյանի խոսքով՝ տարվա ընթացքում շուրջ 200 մլն դրամի պարտք է առաջացել, որի մոտ կեսն այս ընթացքում հնարավոր է եղել մարել: Մնացած 104 մլն դրամի պարտքը քաղաքապետարանը նախատեսում է փակել մինչև 2017թ.-ի ավարտը: