Ինչ արժանիքների համար է Տարոն Մարգարյանը պարգևատրել Հենրիկ Նավասարդյանին և նրա ենթականերին
Հայաստանում կան պետական պաշտոնյաներ, որոնք չարած գործի, իսկ երբեմն նաև իրենց վստահված ոլորտը քանդելու համար անգամ պարգևատրվում են: Երևանում հասարակական տրանսպորտի ողբերգական վիճակը հանրահայտ փաստ է: Բայց արի ու տես, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և նրա ենթակաները քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ 100 հազար դրամ պարգևատրման են արժանացել: «ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ այս տարվա հունիսի 14-ին ստորագրած հ.365-Ա կարգադրությունը, որով նա քաղաքապետարանի 7 աշխատակիցների պարգևատրել է 100 հազարական դրամով:
Պարգևատրվողների ցուցակը գլխավորում է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, նրան հաջորդում է հասարակական տրանսպորտի կարգավորման բաժնի պետ Հարություն Մելքումյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետներ Կարեն Հակոբյանը և Էդուարդ Խուրշուդյանը: Ի դեպ, 100 հազար դրամի չափով պարգևատրում ստացել են նաև երթևեկության կարգավորման բաժնի պետ Արսեն Գասպարյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Էդգար Գալստյանը և գործավար Մարիամ Սիմոնյանը:
-Պարո՛ն Նավասարդյան, Դուք այս տարվա հունիսի 14-ին 100 հազար դրամով պարգևատրվել եք: Կոնկրետ ո՞ր աշխատանքի համար են Ձեզ պարգևատրել:
-Այդ հարցը տվեք նրան, ով որ պարգևատրել է: Ես չեմ կարող ասել, թե ինչ համար եմ պարգևատրվել:
-Գուցե պարգևատրվել եք այն բանի համար, որ մարդիկ երթուղայիններում կռացած և խցկված են աշխատանքի գնում ու տուն վերադառնում…
-Գիտեք ինչ՝ Դուք Ձեր հարցերը գրավոր ներկայացրեք, եթե ինձ կհանձնարարեն, ես կպատասխանեմ: Եթե որոշում կայացնողը պետք է պատասխանի, ինքն էլ կպատասխանի: Պարզ չեմ ասում՝ գրե՛ք հարցերը, կպատասխանենք: Ես հիմա չեմ կարող պատասխանել Ձեր հարցերին:
Մանրամասները՝ այստեղ: