Պարզվել է երգիչ Սեբուի հոր ավտոմեքենան կանգնեցրած տեսուչների ինքնությունը
Ոստիկանությունը պարզել է երգիչ Սեբուի հոր ավտոմեքենան կանգնեցրած տեսուչների ինքնությունը:
Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Նոյեմբերի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ երգիչ Սեբու Սիմոնյանը հայտարարել էր. «Հիմա էլ դեռ կա, որ ոստիկանները մեքենաները կանգնեցնում ու կաշառք են ուզում…»:
Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, որի ընթացքում պարզվել է Սեբու Սիմոնյանի հոր ավտոմեքենան կանգնեցրած տեսուչների ինքնությունը»։
Էդգար Ջանոյանը հայտնել է, որ նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար ծառայողական քննության ընթացքը կասեցվել է, նյութերն ուղարկվել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ երգիչ Սեբուի՝ պետավտոտեսուչների կողմից կաշառք պահանջելու մասին հայտարարության վերաբերյալ ծառայողական քննություն էր նշանակվել Ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում։
Նշենք,որ երգիչ Սեբուն նոյեմբերի 17-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում պետավտոտեսուչներն իրենից կաշառք են ուզել: