Արտաքին գործերի նախարարության, զբոսաշրջության և տեղեկատվական ոլորտների պատասխանատուները Արցախի ԱԺ-ին են ներկայացրել 2018թ.-ի ծախսերը
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Արզիկ Մխիթարյանը և Ռուսլան Իսրայելյանը: Քննարկվել են «ԱՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծում նախատեսված արտաքին հարաբերությունների, զբոսաշրջության և տեղեկատվական ոլորտների ֆինանսավորման հարցերը:
Նիստին մասնակցել է ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը: Ներկայացնելով արտաքին գործերի նախարարության 2018թ.-ի բյուջեն՝ նախարար Մասիս Մայիլյանը նշել է, որ այն կկազմի 786մլն 590 հազ դրամ: Նախարարի խոսքով՝ աճը նախորդ տարվա ցուցանիշի նկատմամբ պայմանավորված է Արցախի Հանրապետության օտարերկյա ներկայացուցչությունների ֆինանսավորման համար նախատեսված գումարի փոխարժեքի տատանումներով: Պատգամավորները Մասիս Մայիլյանից ստացել են պարզաբանումներ՝ կապված արտաքին տնտեսական բնագավառում տարվող աշխատանքներին, միջազգային կառույցների հետ աշխատող կազմակերպությունների հետ կապերի հաստատմանն ու համագործակցության հեռանկարներին:
Զբոսաշրջության ոլորտի ծախսը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանի փոխանցմամբ, 2018թ.-ին կկազմի 25մլն դրամ: Սերգեյ Շաhվերդյանը պատասխանել է նաև պատգամավորների առաջադրած՝ Արցախը հայաստանյան մեդիադաշտում գովազդելու փորձերի և բյուջեի նախագծով նախատեսված որոշ դրույթների վերաբերյալ հարցերին:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը, ներկայացնելով խորհրդի 2018թ.-ի ծախսը, նշել է, որ այն կկազմի 387մլն 344 հազ դրամ: Խորհրդի նախագահի խոսքով՝ ընկերությունն արդեն իսկ ձեռք է բերել նոր սարքավորումներ, որոնց շնորհիվ կբարելավվի տեսանյութերի որակը: Նորեկ Գասպարյանն անդրադարձել է եթերային ժամի ավելացմանը, կայքում լուրերի թողարկման համաժամանակյա հեռարձակմանը և ռեյտինգային ծրագրերի վերաբերյալ պատգամավորների հնչեցրած հարցերին: «Ազատ Արցախ» թերթի խմբագիր Լեոնիդ Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ թերթի պահպանման ծախսը գալիք տարի նախատեսված է 93մլն 929 հազ դրամ: Խմբագիրը պարզաբանումներ է տվել թերթի բաժանորդագրության վերաբերյալ խորհրդարանականների հարցերին: Բյուջեի հանձնաժողովային քննարկումները կշարունակվեն նաև նոյեմբերի 28-ին՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: