Կարմիր Խաչը նշել է Հայաստանում իր գործունեության 25-ամյակը (լուսանկարներ)
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը Հայաստանում նշել է Ղարաբաղյան հակամարտության հետ կապված տարածաշրջանում իր ներկայության 25-ամյակը։ Հակամարտության սկզբից՝ 1992 թվականից մինչ օրս ԿԽՄԿ-ն իր մարդասիրական աշխատանքն իրականացնում է որպես չեզոք, անկողմնակալ և անկախ կազմակերպություն։ Երևանում և Բաքվում իր պատվիրակությունների և Լեռնային Ղարաբաղում առաքելության միջոցով ԿԽՄԿ-ն արձագանքել է հակամարտությունից տուժած անձանց տարբեր կարիքներին, ում այն հանձնառու է պաշտպանել և օգնել Ժնևի կոնվենցիաների համաձայն։
Նոյեմբերի 23-ին այս առիթով ընդունելության ժամանակ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզը նշել է. «1994 թվականի զինադադարից հետո մենք մնացել ենք տարածաշրջանում` հակամարտության հետևանքներին և առաջացած կարիքներին արձագանքելու համար։ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանամերձ գյուղերում մենք շարունակում ենք աշխատել ամեն օր անվտանգության, կենսաապահովման և տնտեսական հնարավորությունների կորստի խնդիրների հետ բախվող մարդկանց հետ»։
Միջոցառման ժամանակ հյուրերի ուշադրությունը հրավիրվել է անհայտ կորածների հիմնահարցին, որը հակամարտության ողբերգական և տևական հետևանքներից է։ Ցուցադրության միջոցով ԿԽՄԿ-ն ներկայացրել է խնդրի տարբեր կողմերը, այդ թվում՝ ընտանիքների դժվարին կացությունն իրենց հարազատների մասին անդադար լուրեր սպասելու ընթացքում, սեփական աշխատանքն այդ ուղղությամբ և այն, թե ինչ է անհրաժեշտ անել ճակատագրերը պարզելու համար։