Վարչապետը քննարկում է ունեցել Սևանա լճի ձկների պաշարի նվազման խնդրով
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Սևանա լճի ձկնային պաշարների վերականգնման, պահպանության եւ ավելացման հարցերի շուրջ:
Նախ ներկայացվել է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը: Նշվել է, որ ծրագրի հիմնական նպատակներն են՝ Սևանի իշխանի 2 ենթատեսակների պաշարների վերականգնումը լճում եւ ձկնաբուծության զարգացումը Հայաստանում՝ բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման ճանապարհով: Վարչապետին մանրամասն զեկուցվել է Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամի կողմից՝ լճի եւ դրա ավազանի էկոլոգիական խնդիրների գույքագրման, էկոլոգիական վիճակի գնահատման եւ իշխանի պաշարների համալրման ուղղությամբ կատարված աշխատանքների (այդ թվում՝ մանրաձկան բացթողնման), արձանագրված արդյունքների, առկա խնդիրների եւ հետագա քայլերի մասին: Անդրադարձ է եղել 2016 թ. դեկտեմբերին շահագործման հանձնված Հայաստանում առաջին ջրի փակ շրջանառությամբ աշխատող 50 տ հզորությամբ մանրաձկան գործարանի աշխատանքներին եւ նշվել է, որ ներկայում ընթացքի մեջ է գործարանի երկրորդ շենքի եւ բացօթյա ավազանների շինարարությունը: Նախատեսվում է կառուցել նաեւ սելեկցիոն տնտեսություն եւ բտման ավազաններ: Տեղեկատվություն է ներկայացվել նաեւ ծրագրի առաջին եւ երկրորդ փուլերի իրականացման արդյունքում ակնկալվող արդյունքների՝ կանխատեսվող արտադրական ծավալների, աշխատատեղերի եւ ներդրումների մասին:
Վարչապետը կարևորել է ծրագրի շարունակական իրականացումն ինչպես բնապահպանական խնդիրների լուծման, այնպես էլ շահավետ բիզնեսի կազմակերպման տեսանկյունից: Կարեն Կարապետյանը նաև առաջարկել է համապատասխան վերլուծություն իրականացնել և գնահատական ներկայացնել ներդրումների ծավալի, ժամանակացույցի, պետություն-մասնավոր հատված համագործակցության հնարավորությունների, կանխատեսվող ռիսկերի եւ հետագայում ակնկալվող շահութաբերության վերաբերյալ:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել է նաև Սեւանա լճում սիգի և խեցգետնի պաշարների պահպանության եւ արդյունավետ օգտագործման համալիր ծրագիրը, որի հիմնական նպատակը, ծրագրի հեղինակների խոսքով, ձկան եւ խեցգետնի պաշարների վերարտադրության ապահովումն է, պահպանությունն ու արդյունավետ օգտագործումը եւ Սեւանի ավազանում ավանդաբար ձկնորսությամբ զբաղվող համայնքների բնակիչների սոցիալական խնդիրների լուծումը: Այս համատեքստում արծարծվել են ձկնային պաշարների իրացման գործող սխեմային եւ ձկնապաշարների ապօրինի որսի դեմ պայքարին վերաբերող հարցեր:
Վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ ձկնագողության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման խնդիր կա, եւ անհրաժեշտ է կարգավորել դաշտը: Նա հանձնարարել է լրամշակել ծրագիրը եւ ներկայացնել խնդրի լուծման տարբերակներ: