Մոուրինյոն անդրադարձել է Մխիթարյանի բացակայության մասին հարցին
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Բազել» հանդիպումից առաջ տեղի ունեցած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ «ՄՅՈւ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է նաև թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին հարցերին: Այս մասին հաղորդել է «ՄՅՈւ»-ի կայքը:
«Հարցերը ծագում են այն ժամանակ, երբ որոշ ֆուտբոլիստներ որոշ պահերի չեն խաղում: Պատմությունը միշտ նույնն է: Մխիթարյանը բաց է թողել «Նյուքասլի» հետ հանդիպումը, քանի որ այդ խաղում մենք շատ տարբերակներ ունեինք:
Որոշեցի, որ այդ խաղում պետք է խաղադաշտ դուրս գան Ռեշֆորդն ու Մարսիալը: Շաբաթներ շարունակ հարցն այսպիսին էր` «ինչու նրանք չեն խաղում միասին»: Այժմ դուք հարցնում եք, թե ինչու է բացակայում Մխիթարյանը:
Պատասխանը շատ պարզ է. մինչև միջազգային կանոնները չփոխվեն, ես չեմ կարող խաղադաշտ դուրս բերել 11-ից ավելի ֆուտբոլիստների»,-նշել է Մոուրինյոն: