Բակո Սահակյանը մասնակցել է «Ֆրանսիայում Արցախի օրերի» մեկնարկին նվիրված միջոցառմանը (լուսանկարներ)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին Փարիզ քաղաքում մասնակցել է «Ֆրանսիայում Արցախի օրերի» մեկնարկի կապակցությամբկազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, որին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը, տեղի հայ համայնքի, Ֆրանսիայի հասարակական և քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ:
Իր ելույթում Նախագահ Սահակյանը նշել է, որ Եվրոպայում «Արցախի օրեր» անցկացվում են առաջին անգամ, ինչի պատճառով պատասխանատվությունը կրկնակի է և սպասելիքները՝ ավելի մեծ:
«Մենք համոզված ենք, որ ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները կիրականացվեն պատշաճ մակարդակով: Համոզված ենք, որովհետև ունենք հայրենասեր հայրենակիցներ և հավատարիմ բարեկամներ, ովքեր իրենց ներգրավմամբ կսատարեն բոլոր նախաձեռնությունների հաջող կյանքի կոչմանը»,- իր խոսքում շեշտել է Արցախի Հանրապետության Նախագահը:
Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ «Ֆրանսիայում Արցախի օրերի» կազմակերպումն իր կարևոր լուման կունենա Ֆրանսիայի հետ Արցախի փոխգործակցության ընդլայնման գործում՝ ֆրանսիական ու եվրոպական հանրությանը ներկայացնելով մեր երկիրը, նրա պատմությունը, մշակույթը, տնտեսությունը և այլ բնագավառներ՝ հավելելով, որ մեր բոլոր ձեռքբերումների հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը:
Միջոցառման ընթացքում Նախագահ Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանին՝ բարձր գնահատելով տարիներ շարունակ նրա մշտական աջակցությունն Արցախին և մասնակցությունը մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման գործում: