Լավրովի ուղերձը Բաքվին շատ հստակ էր. Ադրբեջանը վերջնականապես կորցրեց Ղարաբաղը
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը տարածաշրջանային այցով մեր տարածաշրջանում է: Կիրակի օրը՝ նոյեմբերի 19-ին, նա ժամանել է Բաքու: Նույն օրը նրան իր նստավայրում ընդունել է Ադրբեջանի նախագահը: Եվ պետք է ասել, որ Բաքվում Լավրովի հանդիպումների ու ելույթների մասին ընդհանուր տեղեկատվությունից տպավորությունն այն է, որ այնուամենայնիվ, քննարկման հիմնական թեման եղել է հենց ղարաբաղյան հարցը, որի առնչությամբ կարելի է առանձնացնել մի քանի ուշագրավ հայտարարություններ:
Մասնավորապես, Իլհամ Ալիևը Լավրովի հետ հանդիպման ընթացքում շեշտել է, թե Ադրբեջանը շահագրգռված է ղարաբաղյան հարցի «շուտափույթ» լուծմամբ: Լավրովն իր հերթին ավելի ուշ՝ Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների խնդիրները չեն ազդում ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետությունների համագործակցության վրա:
«Ժամանակ»-ի հետ հարցազրույցում խոսելով թեմայի շուրջ՝ Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը կարծիք հայտնեց, որ Լավրովն այս հայտարարությամբ փաստացի կանխեց ռուս-ամերիկյան խնդիրները Ադրբեջանի կողմից շահարկելու հնարավորությունը: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը վերջնականապես կորցրեց Լեռնային Ղարաբաղը:
Պարոն Տարասով, ի՞նչ արդյունքներ է գրանցել Լավրովի այցն Ադրբեջան: Ի՞նչ հետևություններ կարող ենք անել:
Առաջին տպավորությունն այն է, որ Լավրովին պտտեցրել են, ինչպես ասում են «ծիսական շրջանով»: Նախ, Լավրովը ելույթ է ունեցել դիվանագիտական ակադեմիայում: Նրան դիտավորյալ են այնտեղ քարշ տվել, որպեսզի նա բացի խաղաքարտերը, բայց Լավրովը չեզոքացրեց Ադրբեջանի ամերիկյան խաղաքարտը: Նա ասաց, որ Ռուսաստանը շատ լուրջ խնդիրներ ունի Միացյալ Նահանգների հետ, բայց ղարաբաղյան հարցում, որքան էլ տարօրինակ է, «մենք ընդհանուր դիրքորոշում ունենք»:
Ի՞նչ տողատակեր ունի այս հայտարարությունը:
Այո, սա գլխավոր մոտեցումն է: Նշանակում է՝ ձախողվել են բոլոր փորձերը՝ միացնելու Թուրքիային կամ մեկ ուրիշի ղարաբաղյան գործընթացին, հետևաբար միջնորդներն ընտրում են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման սցենարը: Երկրորդը, նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալու է Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովը, որտեղ շարունակվում է պայքարն այն հարցի շուրջ, թե ինչ ձևակերպումներ պիտի տեղ գտնեն եզրափակիչ հռչակագրի տեքստում Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ: Հայերն այնտեղ շատ գրագետ աշխատեցին՝ հանեցին բոլոր ձևակերպումները, և հիմա ասում են, որ լինելու են չեզոք ձևակերպումներ: Պատճառն այն է, որ Եվրոպան չի համաձայնվում օգտագործել տարածքային ամբողջականության պահպանման տերմինն Ադրբեջանի և Եվրամիության երկկողմ փաստաթղթերում: Սա շատ սկզբունքային հարց է: Ադրբեջանն օգտագործում էր իր բոլոր ռեսուրսները՝ էներգետիկ, կոմունիկացիոն և այլն, այս հարցում առավելություն ստանալու համար, բայց դա օգուտ չի բերում, որովհետև Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Եվրամիության մոտեցումները ղարաբաղյան հարցում համընկնում են:
Գլխավորն այն է, որ բանակցությունների հիմքում առայժմ դրված են Մադրիդյան սկզբունքները, որոնցում, իմ կարծիքով, գլխավորը Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալու հարցն է: Իսկ ընդհանուր առմամբ, սկզբունքային հանգամանքն այն է, որ Էրդողանի վերջին հայտարարությունից հետո, թե Պուտինը չի հավատում կարգավորման հնարավորությանը, կարելի է ասել՝ հակամարտությունը գնում է դեպի սառեցում: Եվ հիմա Լավրովը, որը Բաքվից արդեն մեկնել է Երևան, հետևելու է այս սցենարին, որ անհրաժեշտ է կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները:
Ըստ երևույթին, եղել են բանավոր պայմանավորվածություններ Պուտինի և Ալիևի միջև: Ալիևը բանավոր խոստացել է, որ կստորագրի Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները շփման գծում մշտադիտարկման մեխանիզմներ տեղադրելու, Կասպրշչիկի մանդատի ընդլայնման մասին, բայց չի կատարել իր խոստումը, այդ պատճառով էլ Պուտինը հրաժարվում է խոսել նրա հետ ղարաբաղյան կարգավորման մասին: Դա է, ըստ էության, հաստատում նրանց հանդիպումը Թեհրանում: Ադրբեջանցիները գրում են, թե իբր քննարկվել է ղարաբաղյան հարցը, բայց իրականում ոչինչ էլ չի քննարկվել, այլ քննարկվել են ընդհանուր տարածաշրջանային կոնֆլիկտները: Ստացվում է, որ Թուրքիայի միջոցով Ռուսաստանի վրա ազդելու Ադրբեջանի փորձը ձախողվում է: Ադրբեջանը ձախողվում է եվրոպական, ամերիկյան ուղղություններով: Եվ Լավրովը, ելույթ ունենալով Բաքվում, կանխեց ամերիկյան խաղաքարտի խաղարկման հնարավորությունը՝ շեշտելով, որ չնայած ռուս-ամերիկյան հարաբերություններում գոյություն ունեցող խնդիրներին՝ երկու երկրները շարունակում են համագործակցել ղարաբաղյան հարցի շուրջ: Իսկ դա նշանակում է, որ Բաքուն վերջնականապես պարտվեց, կորցրեց Ղարաբաղը:
Ադրբեջանը փորձեց ինչ-որ բան անել: Աշխատում է նաև ադրբեջանական լոբբին Ռուսաստանում՝ ի դեմս Ալեքսանդր Դուգինի, «Զավտրա» թերթի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Պրոխանովի, Մարկովի: Նրանք շրջանառում են լուրեր հինգ կամ յոթ շրջանների վերադարձի և այլն, և այլն: Հայտարարում են նույնիսկ, թե իբր գոյություն ունի «Լավրովի պլան»: Ոչ մի «Լավրովի պլան» էլ գոյություն չունի և գոյություն չի ունեցել, բայց կան բանակցային գործընթացի որոշ նրբերանգներ, որոնց մասին Լավրովը բարձրաձայնել է Բաքվում, և դա հիմք է տվել ադրբեջանական և թուրքական կողմերին խոսելու Հայաստանի վրա իբր թե ճնշում գործադրելու Ռուսաստանի պատրաստակամության մասին, որպեսզի Հայաստանն ինչ-որ տարածքներ զիջի Ադրբեջանին:
Հիմա պարզվում է, որ դա ամբողջությամբ բլեֆ է և չի համապատասխանում իրականությանը: Խնդիրն այլ է, որ հաշվի առնելով բանակցային գործընթացում առաջացած փակուղին՝ հարկավոր է սառեցնել կոնֆլիկտը, որովհետև նախաձեռնություններ չկան ոչ այս, ոչ էլ մյուս կողմից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում