Կարեն Կարապետյանի նկատմամբ հնչած քննադատությունները հիմքեր չունեն. Վահրամ Բաղդասարյան
Կարեն Կարապետյանի հասցեին հնչող քննադատությունները հիմքեր չունեն, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով նախորդ քառօրյային ընդդիմադիր պատգամավորների քննադատություններին:
Բաղդասարյանը նշեց, որ դա նորմալ է՝ հաշվի առնելով, որ խորհրդարանում քննարկվում էր երկրի ամենագլխավոր օրենքը և բնական է, որ ընդդիմադիրներն իրենց համապատասխան կեցվածքը պետք է դրսևորեն. «Այլ հարց է՝ ինչքանով է դա օբյեկտիվ, ինչքանով ոչ»:
Դիտարկմանը, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն բյուջեի քննարկման ժամանակ չպաշտպանեց վարչապետին, Վահրամ Բաղդասարյանը հակադարձեց նախ, որ ինքն առհասարակ չի հիշում բյուջեի որևէ մի քննարկում, որն ուղեկցվել է պաշտպանողական ելույթներով, ապա պնդեց, որ իրենք պաշտպանել են ու շարունակում են պաշտպանել բյուջեի նախագիծը:
Ճշտող հարցին, թե Հանրապետականը պաշտպանում է բյուջեն, թե՞ կառավարությանը, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Բյուջեն ներկայացրել է կառավարությունը, իսկ կառավարությունը միայնակ չէ: Դա թիմային բյուջե է, որը թիմով ենք սարքել: Վարչապետին պաշտպանում ենք: Նա 15-20 տարի զբաղվել է բիզնեսով և այն քննադատությունները, որոնք հնչում են այդ անձի նկատմամբ հիմքեր չունեն»: