Ռոնալդուն ամուսնանում է. հայտնի է, թե երբ տեղի կունենա հարսանիքը
«Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և նրա սիրելին` Ջորջինա Ռոդրիգեսը, կամուսնանան 2018 թվականի օգոստոսին, երբ մարզիկը վերադառնա աշխարհի առաջնությունից: Այս մասին գրում է Life.ru-ն` հղում տալով «Correio de Manha»-ին:
Հենց այս լրատվամիջոցն առաջինը հաղորդեց Ռոդրիգեսի հղիության մասին, նույնիսկ այն մասին, որ 2017 թվականի ամռանը ֆուտբոլիստը փոխնակ մորից զույգ կունենա:
Լրագրողներն ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ Ջորջինան սկսել է թանկարժեք մատանի կրել, որը ենթադրաբար նվիրել է Ռոնալդուն, ինչպես նաև «Instagram»-ում սկսել է հետևել մի քանի էջերի, որոնք պատմում են հարսանեկան նորաձևության մասին: Թե որտեղ է տեղի ունենալու հարսանեկան արարողությունը, չի պարզաբանվում:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ` նոյեմբերի 12-ին, ծնվել է զույգի դուստրը: