Ֆրանսիական ընկերությունը հետաքրքրված է ներդրումներ կատարել Հայաստանի անասնապահության ոլորտում
«Անասնապահությունը մեզ համար առաջնային նշանակություն ունի և այսօր զբաղեցնում է Հայաստանի գյուղատնտեսության շուրջ 50%-ը: Միևնույն ժամանակ մենք դեռ մեծ դաշտ ունենք ներդրումներ կատարելու և զարգացնելու ոլորտը, ուստի բաց ենք ու պատրաստ քննարկել տարբեր առաջարկություններ»,- այս մասին նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն՝ այսօր գյուղատնտեսական կենդանիների արտահանմամբ և ներմուծմամբ զբաղվող ֆրանսիական առաջատար «Ժան Պոլ Բուայե» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ
Իգնատի Առաքելյանի առաջարկով կողմերը քննարկել են ՀՀ-ում տոհմաբուծարանների հիմնական պետական ծրագրի շրջանակում համագործակցության հնարավորությունները:
Ընկերության ղեկավար Ժան Պոլ Բուայեն նշել է, որ Հայաստանն անասնապահական առևտրի համար բարենպաստ աշխարհագրական դիրք ունի, ինչպես նաև հրաշալի լեռնային արոտավայրեր, և իրենք հետաքրքրված են և ոգևորված Հայաստանում ներդրումներ կատարել:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ հանդիպումից հետո «Ժան Պոլ Բուայե» ընկերության ներկայացուցիչները ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում հանդիպել են նաև մի շարք անասնաբուծական ընկերությունների հետ և քննարկել համագործակցության հնարավորություններ: