Հյուսիս-Հարավ ճանապարհի Ծրագիր 2 և Ծրագիր 3 վարկային միջոցների մասնահանման վերջնաժամկետը երկարացնելու համաձայնագրերը ԱԺ-ն հաստատեց
Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Ծրագիր 2 և Ծրագիր 3 վարկային միջոցների մասնահանման վերջնաժամկետը երկարացնելու համաձայնագրերը ԱԺ-ն հաստատեց: Նախագիծն ընդունվեց 55 կողմ, 30 դեմ հարաբերակցությամբ:
Նշենք, որ համաձայնագրով առաջարկում են վարկի մասնահանման վերջնաժամկետը երկարացնել, որպեսզի Հյուսիս-Հարավ ճանապարհի Ծրագիր 2 և Ծրագիր 3 շինարարական աշխատանքներն ավարտին հասցվեն:
Մասնավորապես քննարկվում էր Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2017 թվականի ապրիլի 10-ին և 2017 թվականի մայիսի 24-ին ստորագրված՝«Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված՝«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր - Ծրագիր 2» (հատուկ գործողություններ) և Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի մարտի 11-ին ստորագրված՝«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր - Ծրագիր 3» (ընդհանուր գործողություններ) վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:
Քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն ասաց, որ դեմ ենք քվեարկելու, թեկուզ և սա կարևոր է, բայց վերապահումներ կան վարկերի իրականացման հետ կապված:
«Ելք»-ին այս հարցում աջակցեց «Ծառուկյան» խմբակցությունը և Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք էլ դեմ կքվեարկեն: