Բժշկին ծեծից պաշտպանող օրինագծին ՀՀԿ-ից դեմ քվեարկեցին միայն Արթուր Գևորգյանը և Միհրան Պողոսյանը
Հանրապետական կուսակցության պատգամավորներ Կարեն Ավագյանի և Հրայր Թովմասյանի հեղինակած Քրեական օրենսգրքով բժիշկների նկատմամբ բռնություն կատարողների պատիժը խստացնելու նախագիծն այսօր քվեարկության է դրվել։ Այն ընդունվել է 55 կողմ 2 դեմ և 23 ձեռպահ արդյունքով։
Ուշագրավ է, որ դեմ քվեարկողները եղել են ՀՀԿ-ական պատգամավորներ Արթուր Գևորգյանը և ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը։ Վերջինս չի մեկնաբանել՝ ինչու է դեմ քվեարկել կուսակիցների ներկայացրած նախագծին։
Արթուր Գևորգյանն էլ Aysor.am-ի հետ զրույցում հիմնավորել է, որ բռնությունների միջև չպետք է տարբերություն դրվի՝ բժիշկ է, թե այլ ծառայող։ Նշենք, որ մասնագիտական խտրականության մասին նիստի ժամանակ բարձրաձայնեցին «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների ներկայացուցիչները։ Նաիրա Զոհրաբյանն օրինակ առաջարկեց որպես այդ տրամաբանության շարունակություն տաքսիստների, լրագրողների նկատմամբ բռնություն կատարողների պատիժն էլ խստացնել, քանի որ նրանք վիճակագրության համաձայն՝ ավելի շատ են բռնության ենթարկվում, քան բժիշկները։
Արտակ Զեյնալյանը շեշտեց, որ Քրեական օրենսգրքով արդեն իսկ բռնություն կատարողի պատիժը սահմանված է։ Աժ նախագահ, բժիշկ Արա Բաբլոյանը վիրավորվեց, որ բժշկի մասնագիտությունը գործընկերները համեմատում են այլ մասնագիտությունների հետ։