Ադրբեջանի երկրաշարժի հետևանքով փլուզվել է Տիգրանակերտի ամրոցի պարսպային հատվածը
Երեկ գիշերը Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած 7 բալանոց երկրաշարժի արդյունքում, մի շարք շինությունների հետ միասին մասամբ տուժել է նաև Տիգրանակերտի ամրոցը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի ու զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը.
«Գիշերային երկրաշարժի հետևանքները Տիգրանակերտում, բարեբախտաբար պատմական շինությունները չեն վնասվել: Փլուզվել է միայն 1970-ական թվականների շինության պարսպային մասը, պատմական մասին վնաս չի հասցվել»,-գրել է Շահվեդյանը:
Տիգրանակերտը պատմական հայկական քաղաք է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի հարավ-արևելքում, Խաչեն գետի աջ ափին։ Կառուցվել է մ.թ.ա. 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կողմից: Խորհրդային շրջանում Տիգրանակերտը գտնվում էր Աղդամի շրջանի տարածքում, որը ազատագրվել է Արցախյան պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի կողմից։
Հիշեցնենք, որ երեկ` նոյեմբերի 15-ին, Ադրբեջանի տարածքում 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել, ցնցումները զգացվել էին նաև Հայաստանում ու Արցախում:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 5,7 մագնիտուտ հզորությամբ, 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, մի շարք տներ էր ավերել Թերթերի ու Աղդամի շրջաններում, մի քանի գյուղեր մնացել են առանց էլեկտրականության: