ՀՀԿ խմբակցության ղեկավարը հորդորեց զգույշ լինել քննադատողներին
Խորհրդարանում` բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ քննադատություններին նշեց.
«Այստեղ դահլիճում շատ խոսվեց հարկային դաշտում անհավասարության մասին: Օրենքը հավասար է բոլորի համար, առավել ևս հարկային դաշտում բոլորը պետք է լինեն հավասար: ՊԵԿ-ի սուրբ պարտականությունն է, որ ինքը ապահովի հարկային հավասար դաշտ: Եվ մենք՝ որպես խորհրդարանական վերահսկողություն, պետք է ինչ-որ տեղ նաև պարտադրենք, որպեսզի ՊԵԿ-ը իր պարտականությունները կատարի, բայց ոչ թե խոչընդոտենք նրանց, դա շատ վտանգավոր է»,- ասաց նա:
Բաղդասարյանը նշեց, որ խորհրդարանում մեկ մոլի հետ կապված հարցով ՊԵԿ աշխատանքին գնահատական է տվում: «Չի կարելի, գնահատականը պետք է տրվի ընդհանուր գործառույթների հիման վրա: ՊԵԿ-ը փորձում է հավասար դաշտ ստեղծել, իսկ մենք խոչընդոտում ենք: Դա պարզապես անթույլատրելի է: Իսկ եթե այդտեղ կան, ինչպես չակերտավոր ասում են, վայրագություններ, պետք է բացահայտվեն, բոլորը պետք է խստագույնս պատժվեն»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է մենաշնորհների մասին քննադատություններին, Բաղդասարյանն ասաց, որ ՀՀԿ նպատակն է, որ արհեստական մոնոպոլ կառույցները բոլորն անխտիր պետք է արմատախիլ արվեն:
«Բայց յուրաքանչյուրս մեզ պետք է հաշիվ տանք՝ մենք ինչ ենք արել մեր երկրի համար և ինչ իրավունք ունենք պահանջելու: Այստեղ նստած քննադատողների մեծ մասը եղել են այն պոստերին, որոնք ի վիճակի են կոռուպցիոն ռիսկերը կրճատելու: Մենք պետք է մեզ հարց տանք՝ մենք նպաստե՞լ ենք կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը, թե կրճատել ենք դրանք: Եվ այսօր մեր ելույթներում պետք է զգույշ լինենք»,- ասաց նա:
ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ երբ Կարեն Կարապետյանը ստանձնել էր վարչապետի պաշտոնը, որևէ անիրատեսական թիվ չի հնչեցրել: Ընդամենն ասել է՝ ստեղծում ենք ծրագրային հիմքեր, որպեսզի ապագայում կարողանանք հասնել ծրագրային արդյունքների: