Հուսով եմ՝ սա հիմք կդնի առավել սերտ փոխհարաբերությունների. Արա Բաբլոյան
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուսով է, որ Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլլի հայաստանյան այցը ծանրակշիռ ներդրում կունենա երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների խորացման գործում՝ հիմք դնելով առավել սերտ փոխհարաբերությունների: Այս մասին խորհրդարանի խոսնակը հայտարարեց նիդերլանդացի գործընկերոջ հետ ԱԺ-ում համատեղ հայտարարությամբ հանդես գալու ժամանակ:
«Մեր հանդիպումը բավականին արդյունավետ էր, և վստահ եմ, որ ապագայում իր տեսանելի արդյունքները կունենա: Մենք մեր գործընկերների հետ կարևորում ենք մեր երկրների խորհրդարանների միջև համագործակցությունը՝ ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ ձևաչափերով՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում»,-նշեց Արա Բաբլոյանը:
ԱԺ նախագահի խոսքով, Հայաստանի և Նիդերլանդների միջև հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա՝ ամենատարբեր ուղղություններով: