Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը Մոսկվայում անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կրեմլի պալատում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Բանակցությունների ընթացքում ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը և երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Նախագահներն անդրադարձել են տարբեր ոլորտներում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցությանը քաղաքական, տնտեսական, անվտանգության, հումանիտար և մշակութային ոլորտներում: Նախագահներ Սարգսյանը և Պուտինը բարձր են գնահատել մշակույթի օրերի անցկացումը երկու երկրներում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:
«Դուք այս անգամ ժամանել եք «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» մեկնարկի կապակցությամբ: Մենք շատ ուրախ ենք, որ այս ուղղությամբ էլ բավականին արդյունավետ համագործակցում ենք: Հիմա մենք Ձեզ հետ միասին կմեկնենք Տրետյակովյան պատկերասրահ, ցուցահանդեսը կդիտենք, այնտեղ ևւս մեկ միջոցառում է նախատեսված:
Դուք գիտեք՝ մեր իրավապահ մարմինները վերադարձնում են Հայաստանում գողացված Վրուբելի նկարը: Վստահ եմ, որ այդ ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն կառաջացնի կերպարվեստի սիրահարների շրջանում: Կցանկանայի Ձեզ շնորհակալություն հայտնել, որ աջակցել եք այդ ցուցահանդեսի կազմակերպմանը, և մենք էլ մեր կողմից ամեն ինչ կանենք, որ Հայաստանի քաղաքացիները ժամանակակից պայմաններում, ժամանակակից միջավայրում հնարավորություն ունենան առնչվելու ռուսական արվեստի ձեռքբերումներին և այն ամենին, ինչով մենք հպարտանում ենք: Այս ուղղությամբ հետագայում էլ համատեղ կաշխատենք»,-հանդիպման սկզբում ասել է Վլադիմիր Պուտինը: