Լևոն Մկրտչյանը հորդորում է դպրոցներում որևէ դեպքի հրապարակումից առաջ պարզել դրա համապատասխանելն իրականությանը
ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ վերջերս մամուլում շրջանառված լուրերին այն մասին, թե Երևանի Ջոն Կիրակոսյանի թիվ 20 դպրոցում առաջին դասարանի աշակերտի նկատմամբ գրանցվել է ոտնձգության դեպք, մասնավորապես՝ նախնական լուրերի համաձայն՝ երեխային կապել էին և կտրել նրա թարթիչները:
Պատգամավորն իր մտահոգությունը հայտնեց այս հարցի վերաբերյալ և Կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հարցրեց՝ արդյոք կան մեխանիզմներ, որոնցով հնարավոր է պաշտպանել դպրոցի համբավը նախքան համապատասխան մարմինների կողմից դեռևս չբացահայտված նման դեպքերի պարագայում:
«Չգիտեմ՝ բացահայտումը այժմ որ փուլում է, բայց նախնական փուլում, երբ դեռևս բացահայտված չէր, մեծ աղմուկ բարձրացավ»,- ասել է պատգամավորը՝ հիշեցնելով, որ սա ներառական դպրոց է:
ԿԳ նախարարը հորդորեց նման դեպքերը հրապարակելուց առաջ պատշաճ կերպով ճշտել՝ արդյոք դա համապատասխանում է իրականությանը, հատկապես որ խոսքը ընդամենը առաջին դասարանի երեխայի մասին էր: