Բողոքներն օգտակար են հայ հասարակության համար. Աշոտ Մանուչարյան
Բողոքի ցույցերն օգտակար են, քանի որ ժողովուրդը քնել է և չի ցանկանում արթնանալ։ Նոյեմբերի 15-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք է հայտնել «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը։
Նրա խոսքով՝ արդարության վերականգնմանն ուղղված ցանկացած գործողություն շատ օգտակար է։ «Սակայն բոլորը պետք է առավելագույնս զգույշ լինեն այդ գործողությունների ժամանակ, քանի որ այդ «սորոսները» փորձում են ամեն կերպ օգտագործել իրավիճակն այլ նպատակով»,– նշեց Մանուչարյանը՝ հավելելով, որ իշխանությունները փաստացի զրկում են հայ հասարակությանը գիտական պոտենցիալի զարգացումից։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 15-ին, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Այս նախագծով առաջարկվում է վերացնել տարկետումը, ինչին ուսանողները դեմ են և մի քանի օր է՝ դասադուլ են հայտարարել: