Ձեր արարքը տանում է բախման ոստիկանների հետ. Օսիպյանը՝ ուսանողներին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք` ուսանողները փակել են Բաղրամյան և Դեմիրճյան փողոցները, որպեսզի պատգամավորները չկարողանան ելք ու մուտք անել: Փակեցին նաև ԱԺ ծառայողական մուտքը:
Ոստիկանները հորդորեցին ազատել Բաղրամյան պողոտան:
«Մենք մտնում ենք ձեր դրության մեջ, հասկանում ենք ձեր խնդիրը: Բայց դուք չարաշահում եք, ես ձեզ ժամանակ եմ տալիս հինգ րոպե, կողմնորոշվեք, ձեր արարքը տանում է բախման ոստիկանների հետ: Տեսնում եք, որ ձեր ուզածին չեք կարողանում հասնել, փորձում եք հրահրել: Մենք տևական ժամանակ հանդուժող ենք եղել, դուք հավաքների մասին օրենքը յոթ օր շարունակ խախտել եք, այն դեպքում երբ լիազոր մարմնին կարող էիք դիմել ու ստանալ երթերի ու հավաքների թույլտվություն: Հիմա սահմանափակել եք մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը»,-ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Սահմանված ժամանակում ուսանողները դուրս չեկան Բաղրամյան պողոտայից, ինչից հետո ոստիկանները փորձեցին նրանց հրելով դուրս հանել փողոցից ու վերականգնել երթևեկությունը:
Ի պատասխան ուսանողները սկսկեցին բղավել՝ «Օսիպյան հեռացիր»: Այս պահին Երևանի փոխոստիկանապետը զրուցում է ակցիայի մասնակիցների հետ: