Այս օրենքը այն օրենքը չի, որի դեմ պետք է այսպես պայքարել. ՊՆ փոխնախարար
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ է մի խումբ ուսանողների հացադուլ հայտարարելու որոշմանը, և կարծում է, որ նրանք սխալ ճանապարհ են ընտրել:
«Այս օրենքը այն օրենքը չի, որի դեմ պետք է այսպես պայքարել: Վարչապետի մոտ ուսանողների և նրանց ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում նախարարն էլ առաջարկեց, որպեսզի այն կարևորագույն սկզբունքները մշակելիս, որոնք որ տեղ են գտնելու կառավարության որոշումներում, դրանցով հաստատվող կարգերում, այդ մշակումների ժամանակ մենք հրավիրելու ենք բոլոր շահագրգիռ կողմերին՝ այդ թվում նաև ուսանողներին, հաշվի առնելով բոլոր առաջարկները տեսնենք դրանց կիրառման մեխանիզմները որքանով են ապահովագրված, արդյո՞ք մենք նոր ճանապարհ չենք բացելու հնարամիտ մարդկանց համար« որ ճանապարհ գտնեն զինծառայությունից խուսափելու և այլն»,- նշեց նա:
Փոխնախարարի խոսքով՝ իրենք կրթության, գիտության խնդիրներին խոչընդոտող որևէ նախաձեռնություն չեն իրականացրել և օրենքն էլ դրան չի միտված:
«Կրթության և գիտության նման կարգախոսներով այս օրենքի դեմ պայքարելը ընդհանրապես տրամաբանական չէ, քանի որ տարկետում հասկացությունը շարունակում է գործել որոշակի պայմաններով»,- մանրամասնեց Զաքարյանը: