Մեկնարկել է շախմատի Մ20 տղաների և աղջիկների աշխարհի առաջնությունը
Իտալիայի Տարվիզիո քաղաքում նոյեմբերի 13-ին մեկնարկել է շախմատի մինչև 20 տարեկան տղաների և աղջիկների աշխարհի առաջնությունը։
Մեկնարկային տուրում մեր ներկայացուցիչները հաջող են հանդես եկել, գրում է «Chess.am»-ը:
Հայկ Մարտիրոսյանն ու Մանուէլ Պետրոսյանը հաղթանակներ են տարել, իսկ Տիգրան Հարությունյանը խաղացել է ոչ ոքի։
Աղջիկների մրցաշարին մասնակցող Սիրանուշ Ղուկասյանը նույնպես առավելության է հասել մրցակցի նկատմամբ։
Մինչև 20 տարեկան տղաների և աղջիկների աշխարհի առաջնությոան երկրորդ տուրի պարտիաները կկայանան այսօր:
Նշենք` պատանիների մրցաշարին մասնակցում է 62 երկրների 147 շախմատիստ, այդ թվում՝ 26 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը և միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը:
Իսկ աղջիկների առաջնությանը մասնակցում են 48 երկրների 89 շախմատիստուհի, այդ թվում՝ 4 կանանց գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչն է կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը: