Գրպանահատները գրոհի են անցել. Թիվ 20 երթուղային միկրոավտոբուսում գողացել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավաբանի և ՍԴ դատավորի օգնականի դրամապանակները
Երեկ՝ նոյեմբերի 13-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Անհայտ անձը թիվ 20 երթուղային միկրոավտոբուսի սրահում գողացել է Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի բնակիչ, 35-ամյա Գայանե Սահակյանի դրամապանակը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը` դրամապանակում եղել է գումար, բանկային քարտ, էկեկտրական կրիչ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Սահակյանն աշխատում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում՝ որպես իրավաբան: Երեկ նույն երթուղային միկրոավտոբուսի սրահում գողացել են նաև Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ, 41-ամյա Վարսենիկ Աբրահամյանի դրամապանակը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրամապանակում եղել է գումար և տարբեր բանկային քարտեր:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Աբրահամյանը աշխատում է ՀՀ Սահմանադրական դատարանում՝ դատավորներից մեկի օգնական: Գողության 2 փաստերով Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: