Դասադուլավորներից 5-ն անժամկետ հացադուլ են հայտարարել
Այսօր` նոյեմբերի 14-ին, դասադուլի 6-րդ օրն է: Դասադուլավորները շարունակում են բոյկոտել դասերը և բողոքել տարկետման իրավունքի սահմանափակման դեմ: Այսօր արդեն դասադուլ անող ուսանողներից 5-ը հացադուլ են հայտարարել, նրանց մեջ է նաև «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:
Ինչպես նշեց նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը, ուսանողները Երևանի պետական համալսարանի ուսանողներ են, և նրանցից 4-ն արդեն ծառայել են բանակում: Նրանք հացադուլն իրականացնում են կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մասնաշենքի լսարաններից մեկում, որտեղ լրագրողներին մուտք գործել չհաջողվեց: Անվտանգության աշխատակիցները չթույլատրեցին, պատճառաբանելով, որ նրանք կխանգարեն դասապրոցեսը:
Այս պահին դասադուլը շարունակվում է. ուսանողները բաժանվել են երեք խմբի. նրանցից 5-ը, ինչպես արդեն նշեցինք, հացադուլ են սկսել, մյուս մասը շրջում է ֆակուլտետներով և կոչ անում մյուս ուսանողներին միանալ իրենց, իսկ մյուս մասը բողոքի ակցիան շարունակում է ԵՀՊ-ի կենտրոնական մասնաշենքի առաջ: